Ճարպակալում

Ճարպակալումը ժառանգական, քրոնիկ հիվանդություն է։ Ճարպակալումը և ավելորդ քաշը ճարպի չափազանց մեծ քանակության կուտակումն է, ինչպես նաև նստվածքի առաջացումը ենթամաշկային բջջանքում, այլ օրգաններում և հյուսվածքներում, ինչը վտանգավոր է առողջության համար։ Ճարպակալման գլխավոր պատճառը էներգետիկ դիզբալանսն է, երբ ընդունած սննդի էներգետիկ արժեքը գերազանցում է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ քանակությունը։ Ճարպակալմանը նպաստում է սննդում կենդանական ճարպերի, հեշտ յուրացվող ածխաջրերի չարաշահումը։ Էական նշանակություն ունի ժառանգական առանձնահատկությունը, սակայն այդ դեպքում էլ հիմքում շատակերությունն է։ Այն բերում է նյութափոխանակության խախտման, վերջինն էլ իր հերթին ճարպակալման պատճառ է դառնում։ Երբեմն ճարպակալման պատճառ է դառնում ներզատական գեղձերի և նյարդային համակարգի խանգարումները։ Այս դեպքում այն հետևանք է և հատուկ բուժում է անհրաժեշտ։

Կարևոր պատճառներից է նաև ֆիզիկական ակտիվության նվազումը՝ պայմանավորված նստակյաց կենսակերպի հետ, ինչպես նաև տեղաշարժման մեխանիզմների զարգացմամբ։

Դասկարգումը

  1. Երբ քաշը գերազանցում է նորման 10-29%-ով
  2. Երբ քաշը գերազանցում է նորման 30-49%-ով
  3. Երբ քաշը գերազանցում է նորման 50-99%-ով
  4. Երբ քաշը գերազանցում է նորման 100 և ավելի %-ով

Ընդհանուր առմամբ, ավելորդ քաշի հետևանքներից ավելի շատ մարդ է մահանում, քան նորմայից ցածր քաշից։ Այս հիմնախնդիրը նպաստում է մի շարք հիվանդույթունների առաջացմանը․

  • շաքարային դիաբետ
  • սրտամկանի ինֆարկտ
  • հիպերտոնիա
  • աթերոսկելորզ
  • որոշ ուռուցքային հիվանդություններ
  • հենաշարժողական համակարգի խախտումներ

Ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև դրանցով պայմանավորված հիվանդությունները մեծամասամբ կանխարգելիչ են։ Այս առումով մեծ նշանակություն ունի մարդկանց ճիշտ կենսակերպն ու առողջ ապրելակերպի սկզբունքների պահպանումը։

Խորհուրդներ

  • Սահմանափակել սննդակարգում բարձր կալորեականություն ունեցող մթերքների կիրառումը՝ օգտագործվող յուղերի ու շաքարի հաշվին։
  • Ավելացնել մրգերի ու բանջարեղենի կիրառումը՝ համադրելով դրանք ընդեղենի և ընկուզեղենի հետ։
  • Վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ՝ քայլել, հեծանիվ վարել, լողալ, մարմնամարզություն կատարարել։

Կանոնակարգեք Ձեր կենսակերպը, հակառակ պարագայում դժվար, իսկ երբմն անբուժելի հիվանդությունների, կյանքի ցածր որակի հեռանկարն անխուսափելի կլինի։