9 ամիս ժամանակ, երբ անհրաժեշտ է մտածել երկուսի փոխարեն

Մերսում հղիների համար․ ի՞նչ է կարելի, ինչ ո՛չ

Մերսման արդյունավետ ազդեցությունը օրգանիզմի վրա հայտնի է դեռևս հնուց։ Այն կարող է շատ օգտակար լինել հատկապես հղիության ընթացքում, երբ կնոջ օրգանիզմի վրա մեծ բեռնվածություն է ընկնում, իսկ դեղորայքային բուժման հնարավորությունը խիստ սահմանափակվում է։ Ինչ վերաբերվում է նրան ՝ կարելի է մերսում ապագա մայրիկին, հանդիպում են շատ հակասական կարծիքներ։

Դեռևս հին Եգիպտոսում, Հնդկաստանում և Չինաստանում մերսման միջոցով թուլացնում էին ցավը և հոգնածությունը հղի կանանց մոտ։ Մեր օրերում էլ մերսումը կիրառվում է որպես բուժիչ-առողջարարական միջոց հղիության ընթացքում։ Սակայն այս պատասխանատու ժամանակահատվածում այն ունի իր առանձնահատկություններն ու սահմանափակումները։ Հղին պետք է պարտադիր խորհրդակցի իրեն բուժող բժիշկ-գինեկոլոգի հետ՝ մերսում ստանալու հետ կապված։ Քանզի անհրաժեշտ է համոզված լինել, որ ոչ մի հակացուցում չկա մերսումը անցկացնելու համար։

Մերսման առանձնահատկությունները հղիության ընթացքում

Կախված հղիության ընդհատման ռիսկի հետ խորհուրդ չի տրվում մերսում կատարել հղիության առաջին եռամսյակում։ Եռամսյակի ավարտին մոտ ավարտվում է ընկերքի ձևավորումը։ Հղիության նորմալ ընթացքի դեպքում պտուղը արդեն ապահով վիճակում է, այդ է պատճառը, որ երկրորդ եռամսյակում մեծանում է մերսման ցուցումը։ Հղիության վերջին ամիսներին մերսումը և վարժությունները կօգնեն ապագա մայրիկին պատրաստել ծննդաբերությանը։

Մերսումը ըստ տեղայնացման

Հղիության ընթացքում մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում հենաշարժողական ապարատի վրա հատկապես մեջքի, ոտքերի։ Քաշի ավելացման և կրծքերի ու փորի մեծացման հետևանքով խախտվում է ծանրաբեռնվածության կենտրոնը։ Մեծանում է գոտկային լորդոզը (ողնաշարի գոտկային հատվածի կորությունը դեպի առաջ), մի շարք հորմոնալ փոփոխությունների հետևանքով տեղի են ունենում կապանային համակարգում փոփոխություններ։ Հղի կանայք գանգատվում են ողնաշարի, ոտքերի հոգնածությունից և ցավից, ոտքերի այտուցվածությունից, ծանրության զգացողությունից։ Երբեմն կծկանքներ են առաջանում մկաններում և երակները լայնանում, արտահայտիչ են դառնում։

Այդ է պատճառը, որ հղիներին խորհուրդ է տրվում մերսում ձեռքերի, ոտքերի, վզի, ուսագոտու, մեջքի շրջանում։ Այս հատվածների մերսումը կանխարգելում և քչացնում է ցավը նշված մասերում, հանում է ընդհանուր հոգնածությունը, քչացնում է ոտքերի այտուցվածությունը։ Այն կանխարգելիչ միջոց է վարիկոզ լայնացման համար։

Մերսման ընթացքում ի՞նչ հնարքներ է կիրառվում 

Միայն շփում հնարքն է, որ կարելի է կիրառել հղիության բոլոր ամիսներին, իսկ ավելի խորը և ինտենսիվ հնարքները պետք է կիրառել անչափ զգույշ, նույնիսկ այն դեպքում, երբ չկա հակացուցում հնարքները պետք է լինեն փափուկ և կատարվեն սահուն։ Շարժումները չպետք է լինեն արագ, կոպիտ, ջղաձիգ։ Հարվածող և թրթռող մերսման հնարքները հաղիին հակացուցված են։

Մերսման տեսակները

Հղիության ընթացքում արդյունավետ և անվնաս տարբերակը դա ձեռքով մերսումն է։ Հղիներին հակացուցվում է սարքային մերսումը (վիբրոմասաժոռ, էլեկտրոմասաժոռ), քանի որ չվերահսկվող աշխատանք է կատարում և կոպիտ հնարքներ են համարվում։

Հակացուցված է նաև սթոուն մերսումը (տաքացրած քարերով մերսում)։ Հիդրոմերսումը և այլ տաքացնող պրոցեդուրաները նույնպես խորհուրդ չի տրվում։ Վտանգավոր է նաև հակացելյուլիտային մերսումը։ Լինֆոդրենաժային մերսման սարքային տարբերակը հակացուցված է, սակայն ձեռքով լինֆոդրենաժային մերսումը արդյունավետ և օգտակար ազդեցություն է թողնում հղիի օրգանիզմի վրա։ Նպաստում է ավելորդ հեղուկի դուրսբերմանը , այտուցվածության իջեցմանը։ Կանխարգելում է երակային լայնացումը և դրական ազդեցություն է թողնում ողջ օրգան-համակրգի վրա։

Կարելի է կատարել նաև կոսմետիկ մերսում

Հղիներին խորհուրդ է տրվում օգտվել բարձրակարգ մասնագետի ծառայություններից, որը ունի համապատասխան կրթություն և որակավորում։ Պրոֆեսիոնալ մասնագետը կկատարի բուժիչ-կանխարգելիչ մերսում, որի շնորհիվ ապագա մայրիկը առավելագույն հաճույք և արդյունավետություն կստանա։ Բայց կարճ դասընթացներից հետո հղի կնոջը կարող է մերսում կատարել նաև ամուսինը։ Որը ավելի լավ ազդեցություն կթողնի կնոջ զգայական համակարգի վրա։ Երբեմն կարիք կա նաև ինքնամերսման, ինչն էլ մոր և երեխայի շփման գրավականն է։

Մերսման տևողությունը

Հղիների մերսման տևողությունը 30-45 րոպե է։ Առաջի 1-2 սեանսը խորհուրդ է տրվում կրճատել 15-20 րոպեյով։ Նորմալ հղիության ընթացքի դեպքում սկսած հղիության երկրորդ եռամսյակից մինչև հղիության ավարտը մերսումը կատարվում է շաբաթական 1-2 անգամ։

Մերսումը ոչ միայն տեղային ազդեցություն է թողնում, այլ ընդհանուր բարելավում է հղիի ինքնազգացողությունը։ Այն օգնում է թուլանալ, կարգավորում է քունը, բարձրացնում է տրամադրությունը։ Այսպիսով մերսումը հանդիսանում է ապագա մայրիկի գեղեցկության և առողջության գրավականը։

Ե՞րբ է հղիների մերսումը կասկածի տակ

Ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ

Բարձր ջերմության ժամանակ

Մաշկի բորբոքային հիվանդությունների ժամանակ

Արյան հիվանդության ժամանակ

Չարորակ և բարորակ գոյացությունների դեպքում

Թարախային պրոցեսների ժամանակ

Թրոմբոզի դեպքում

Միոկարդի սուր իշեմիայի դեպքում

Հիպերտոնիկ կրիզի կամ խորը հիպերտոնիայի դեպքում

Աորտայի, սրտի ձախ փորոքի անրևիզմայի դեպքում

Ծանր բրոնխյալ ասթմայի ժամանակ

Մի շարք աղիք-ստամոքսային տրակտի խնդիրների դեպքում

Երեխայի կորստի վտանգի դեպքում